Ռուսաստանի Ալթայի երկրամասում երկու տարեց կանայք մարդասպան են վարձել հարեւանուհու համար, որին կասկածում են սեւ մոգության մեջ: Ալեյսկա քաղաքի 72 եւ 81 տարեկան բնակչուհիներին քրեական պատիժ է սպառնում:
Քննիչների վարկածով, թոշակառու կանանցից կրտսերը՝ Լյուդմիլա Վ.-ն, որոշել է կազմակերպել 70-ամյա հարեւանուհու սպանությունը եւ իր ծրագրերի մասին հայտնել է 81-ամյա ընկերուհուն՝ Անաստասիա Կ.-ին: Վերջինը համաձայնել է մարդասպան գտնել եւ այդ գործն առաջարկել է տեղի բնակիչներից մեկին: Տղամարդը նրանց հանցավոր մտադրությունների մասին հայտնել է իրավապահ մարմիններին:
2015 թվականի օգոստոսի 14-ին հանդիպման ժամանակ կինը կատարողին վճարել է պարգեւի մի մասը, ինչպես նաեւ դանակ, որը պետք է որպես սպանության գործիք ծառայեր:
LifeNews-ի փոխանցմամբ, կինը վստահեցրել է, որ կախարդ հարեւանուհուն կարելի է սպանել միայն սրտին հասցված դանակի հարվածով: Միաժամանակ, տարեց կինը 15 հազար ռուբլի է խոստացել:
Մի քանի օր անց, տեղեկանալով, որ կախարդ հարեւանուհին, իբր, մեռած է, կասկածյալը հանդիպել է «վարձու մարդասպանին»: Գումարը փոխանցելու ժամանակ էլ նրան ձերբակալել են:





























