Պայմանագրային զինծառայող, հունվարի 5-ին մարտական հերթապահության ժամանակ մահացած Կարեն Միրզոյանի գործը դատարան է ուղարկվել դեռեւս մայիսին, սակայն առ այսօր ոչ մի նիստ չի կայացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալներ Նորիկ Գրիգորյանի եւ Հովհաննես Սիրունյանի պաշտպան Արկադի Իսրայելյանը:
«Տարբեր պատճառաբանություններով նշանակված բոլոր նիստերը հետաձգվել են: Հիմա սպասում ենք, որ դատաքննությունը սկսվի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Գրիգորյանը 2015թ. հունվարի 5-ին շարքային Հովհաննես Սիրունյանի հետ միասին շուրջ 15 րոպե թողել է հենակետը, որից հետո վերադառնալով, շարունակել է դրսեւորել անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք մարտական հերթապահության նկատմամբ: Նույն օրը ժամը 21.55-ի սահմաններում, լսելով գետնատնակի մոտակայքում շների հաչոց եւ կարծելով, թե հակառակորդի զինծառայող կարող է լինել, վերցրել է ինքնաձիգը, լիցքավորել այն եւ երբ պայմանագրային զինծառայող Կարեն Միրզոյանը բացել է գետնատնակի դուռը, Ն.Գրիգորյանը կրակել է Կ.Միրզոյանի ուղղությամբ: Վերջինս որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումից մահացել է:
Նորիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Հովհաննես Սիրունյանին՝ ՔՕ 365-րդ հոդվածի 2-րդ մասով: Նորիկը կալանավորված է, իսկ Հովհաննեսի համար խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:




























