Հունգարիայի հայ համայնքն այդ երկրի Պաշտպանության նախարարությունից պատասխան է սպասում Գուրգեն Մարգարյանի հուշատախտակի տեղադրման հարցի շուրջ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Հունգարիայի Հայկական ազգային ինքնավարություն կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:
Նրա պարզաբանմամբ, անմիջականորեն սպանության վայրի մոտակայքում հուշատախտակի տեղադրումն անհնար է տեխնիկական պատճառներով: «Մենք Հունգարիայի Պաշտպանության նախարարությանը նամակ ենք ուղարկել: Նրանք խոստացել են հուշատախտակի տեղադրման համար այլ վայր հատկացնել: Հիմա ՊՆ-ից պատասխան ենք սպասում»,- նշեց Նիկողոս Հակոբյանը:
Համայնքի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ հուշատախտակի վերջնական տարբերակը կախված է հատկացված վայրից, դրան չափերից եւ շրջակա տարածքից: «Հայաստանից քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց անհատույց պատրաստել հուշատախտակը»,- տեղեկացրեց Նիկողոս Հակոբյանը:
Հիշեցնենք. 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնով գլխատվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Ստոր հանցագործությունը տեղի ունեցավ Բուդապեշտում, որտեղ երկու սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Վայրագ արարքի պատճառը մեկն էր. Գուրգեն Մարգարյանը հայ է:
Հունգարիայի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի համաներման իրավունքի: 2012 թվականի օգոստոսի 31-ին, Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ գաղտնի բանակցությունների արդյունքում, Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Բաքվին, որտեղ նա անմիջապես ազատ արձակվեց եւ հերոսացվեց: Նույն օրը Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:





























