Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան օգոստոսի 20-ին նոր համաձայնագիր են կնքել ներգաղթյալների հարցում համագործակցելու վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրումը տեղի է  ունեցել Ֆրանսիայի հյուսիսային Կալե քաղաք Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարների` Բեռնար Կազնեւի եւ Թերեզա Մեյի համատեղ այցի ընթացքում:

Համաձայնագրի կետերից մեկը Կալեում անօրինական ներգաղթի դեմ պայքարի համատեղ կենտրոնի ստեղծումն է: Փարիզն ու Լոնդոնը նաեւ մտադիր են Կալեի մոտակայքում գտնվող երկաթգծի ծայրակետային կայարանի վերահսկման համատեղ կետ ստեղծել, որտեղ կծառայեն երկու երկրների օրինապահ մարմինների ներկայացուցիչները:

Մեծ Բրիտանիան երկու տարվա ընթացքում ներգաղթի  հոսանքին դիմակայելու եւ անվտանգության միջոցների ամրապնդման համար կծախսի  10 միլիոն եվրո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին:

Պա-դե-Կալե դեպարտամենտում ապրող անօրինական ներգաղթյալները ամեն տեսակ հնարավորություն են փնտրում Լա-Մանշն անցնելու եւ Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Այժմ Կալեում ավելի քան երեք հազար ներգաղթյալ կա: