Թենգեի լողացող փոխարժեքի ռեժիմ մտցնելու որոշումն ընդունվել է ղազախական բիզնեսի խնդրանքով, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա խոսքով, կառավարության դիրքորոշման վրա ազդել են արտահանողները, ձեռնարկատերերի «Ատամեկեն» ազգային պալատը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսների ներկայացուցիչներ:
Նա ավելացրել է, որ փոխարժեքի անկման եւ երկրի մրցունակության վերականգնման շնորհիվ պետությունը կկարողանա պահպանել ձեռնարկություններում առկա աշխատատեղերը, որոնցում երեք միլիոն մարդ է զբաղված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նազարբաեւը զգուշացրել է ապրանքների գները բարձրացնելու դեպքում անխուսափելի պատիժների մասին. «Այդպիսիններին մենք կբռնենք եւ դաժանորեն կպատժենք: Դա շքանշանի երկրորդ կողմն է: Կառավարությունը հետեւելու է դրան »,-ասել է նա:
Այդ ընթացքում, Ղազախստանցի ավտովաճառողները դադարեցրել են վաճառքը տենգեի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված` գների վերահաշվարկ կատարելու համար: Խանութներում բոլոր ապրանքների գներն աճել են մոտ 20-30%-ով:
Օգոստոսի 20-ին բորսայական առք ու վաճառքի արդյունքում Ղազախստանի ազգային տարադրամի միջին կշռված փոխարժեքն ընկել է մինչեւ մեկ դոլարի դիմաց 255,26 տենգե: Մեկ օրվա ընթացքում անկումը կազմել է ավելի քան 30%: Ալմա Աթայում եւ այլ քաղաքներում տարադրամի փոխանակման կետերը դադարել են գործել:




























