Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում հունիսի 15-ին հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործն այժմ գտնվում է գլխավոր դատախազությունում:

NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ գործն իրենք դեռ հուլիսին են ուղարկել դատախազություն:

Նշենք, որ մեկ ամսից ավելի զինծառայողի սպանության գործը կարուսելի նման պտտվում էր գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ: ՌԴ Քննչական կոմիտեն արդեն գրավոր դիմել է Շիրակի մարզային քննչական վարչությանը՝ խնդրելով տրամադրել հարուցված քրեական գործը եւ ռուս զինծառայողի դիակը: Սակայն հայկական կողմը դեռ չի որոշել հանձնել գործը, թե ոչ։ Նրանք նաեւ ռուս զինծառայողի դիակը չեն վերադարձրել ռուս իրավապահներին։ Այդ պատճառով էլ երկու գերատեսչությունները նյութերը միմյանց են ուղարկում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, 2015թ. հունիսի 15-ին հայտնաբերվել է ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ռուսական կողմը հարուցել էր քրեական գործ եւ հենց նույն օրն էլ ձերբակալել, ապա կալանավորել ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիեւին:

Նույն օրը քրեական գործ էր հարուցել նաեւ հայկական կողմը Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է: