Ղրղզստանի ազգային բանկը հաղորդել է, որ ղրղզական արժույթի փոխարժեքն անկում է ապրել` հասնելով մեկ դոլարի դիմաց 62,145 սոմի, ինչը հանրապետության ամբողջ պատմության ընթացքում նվազագույն ցուցանիշն է:
Ղրղզստանի Ազգային բանկի նախագահի տեղակալ Նուրբեկ Ժենիշը բնակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել` ակնկալելով, որ մոտ օրերս տարադրամի շուկայում իրավիճակը կկայունանա: «Սոմի արժեզրկման օբյեկտիվ նախադրյալներ չկան»,-հայտարարել է ֆինանսական կարգավորիչ հիմնարկի նախագահի տեղակալը:
Այնուամենայնիվ, Բիշքեկում տարադրամի փոխանակման կետերում մեկ դոլարը գնում են 64,4 սոմով, իսկ վաճառում` 65,4-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նուրբեկ Ժենիշի խոսքով, ազգային արժույթի անկման պատճառը ղազախստանի որոշումն էր` անցնելու ինֆլյացիոն թիրախավորման եւ արժույթի լողացող փոխարժեքի: «Ազգային բանկը վերահսկում է իրավիճակը»,-ավելացրել է Ղրղզստանի Ազգային բանկի նախագահի տեղակալը:




























