«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ «Ուկրաինայի Նավթոգազի» կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Կոբոլեւը քննարկել են ընկերությունների փոխգործակցությանը եւ «Ուկրաինայի Նավթոգազը» աշուն-ձմեռ ժամանակաշրջանին նախապատրաստելուն վերաբերող հարցեր:
Հանդիպումն անցել է Մինսկում` չեզոք տարածքում, հաղորդում է Ինտերֆաքսը:
Մեկ ու կես տարվա ընթացքում դա «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» ղեկավարների առաջին հանդիպումն է: Մինչ այդ, Միլլերն ու Կոբոլեւը հանդիպել էին 2014-ի ապրիլին` «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում: Կողմերը քննարկել էին ռուսական գազի մատակարարման դիմաց ուկրաինական ընկերության պարտքերը: Այն ժամանակ «Գազպրոմը»Ուկրաինային դեռ չէր տեղափոխել կանխավճարային ռեժիմի:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Ռուսաստանի եւ Ուկրաինայի էներգետիկայի նախարարներին փաստաթուղթ էր ուղարկել, որը ներկայացնում էր այն հիմնական կետերը, որոնց վերաբերյալ պետք էր համաձայնության գալ Ուկրաինայի գազամատակարարման ոլորտում. ընթացակարգի բնույթը եւ գործողության ժամկետը, գնի եւ զեղչի բանաձեւը, գնման նվազագույն ծավալն ու դրա ֆինանսավորումը:




























