ԿԺԴՀ տարածքում բարձրախոսների միջոցով քարոզչական հեռարձակումը կշարունակվի ՝ հայտարարել է հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Խեն: Փաստորեն Հարավային Կորեան հրաժարվել է զիջումներ անել Փհենյանին:
Պակ Կըն Խեն հայտնել է, որ քարոզչական հեռարձակումը կդադարի միայն այն բանից հետո, երբ ԿԺԴՀ իշխանությունները ներողություն կխնդրեն օգոստոսի 4-ին ականի պայթյունից զոհված հարավկորեացի զինվորներին վերաբերող միջադեպի համար, հայտնում է Yonhap գործակալությունը:
«Մեզ հստակ ներողություններ ու երաշխիքներ են պետք, որ նմանատիպ սադրանքները չեն կրկնվի:»,- հայտարարել է Պակ Կըն Խեն Հարավային Կորեայի բարձր ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:
Փհենյանի արձագանքը նախագահի հայտարարությանը դեռ հայտնի չէ: Reuters գործակալությունը նշում էր, որ կողմերը շարունակում են բանակցել ապառազմական գոտում իրավիճակի կարգավորման մասին, սակայն բանակցությունների արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:
Միաժամանակ Սեուլում հայտարարում են այն մասին, որ Հյուսիսային Կորեան շարունակում է զինված ուժեր կուտակել հրադադարի գծի վրա ՝ 38 րդ զուգահեռականում, հայտնում է РБК -ն:
ԿԺԴՀ Rodong Sinmun կառավարական թերթը օգոստոսի 24-ին իր առաջին էջում գրել էր, որով հենց Հարավային Կորեան է մեղավոր ԱՄՆ հետ միասին պատերազմ ծրագրելու համար: Մեկ այլ նյութում նշվում էր, որ Սեուլը «ինքն է կազմակերպել սահմանի վրա պայթյունի ու իր զինծառայողների մահվան պատմությունը»՝ նշելով որ նույն ժամանակահատվածում Հարավային Կորեայի զինվորականներին արձակուրդից հետ էին կանչել:
Անցած շաբաթ այդ երկրի իշխանությունները սպառնացել էին, որ հրետանային կրակով կոչնչացնեն հեռարձակող սարքերը, որոնք քարոզչություն են տարածում երկրի հարավային շրջաններում: Համապատասխան վերջնագրի ժամկետն ավարտվել է շաբաթ օրը, բայց սկսված բանակցությունները կանխել էին կրակի բացումը:





























