Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի արեւելքում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման պլանն այլընտրանք չունի:

«Ուկրաինայի համար խաղաղ կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի, ինչպես որ անայլընտրանքային են ներկայումս Մինսկյան պայմանավորվածությունները, որոնք ստացել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵՄ-ի խորհրդի, ինչպես նաեւ ուկրաինամետ դաշինքի մեր բոլոր երկրների աջակցությունը»,- ասել է պետության ղեկավարը `ելույթ ունենալով Անկախության մայդանում Ուկրաինայի անկախության 24-րդ տարեդարձի առիթով:

Ուկրաինայի նախագահի խոսքով, Ռուսաստանն այսօրվա դրությամբ զգում է պատժամիջոցների ազդեցությունը, մինչ Ուկրաինան քանակապես եւ որակապես բարելավել եւ ուժեղացրել է իր պաշտպանունակությունը: «Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց պացիֆիստ չենք: Այդ պատճառով էլ ավելացնելու ենք ՈՒԶՈՒ-ի ծախսերը, մեծացնելու ենք զինվորականների ֆինանսական ապահովվածությունը, ընդլայնելու ենք Զինված ուժերի պայմանագրային բաղադրիչը»,-ասել է Պորոշենկոն, հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան:

Ընդ որում, Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով, ինքը չի կարող խոստանալ, որ չեղյալ կհամարի զորակոչն ու հետագա մոբիլիզացիան: «Ագրեսիայի պայմաններում չի կարող գոյություն ունենալ 100%-ոց պայմանագրային բանակ: Պատմությանը նման օրինակներ հայտնի չեն»,-ամփոփել է նա: