Ֆիլիպիններում Գոնի հզոր թայֆունի զոհերի թիվը հասել է 26-ի: Մարդկանց մեծ մասը մահացել է Լուսոն հյուսիսային կղզում գտնվող Մանքայան քաղաքի մոտակայքում հանքահորային ճամբարի վրա փլուզված սողանքի հետեւանքով:
Փրկարարների տեղեկություններով ՝ ավերակների տակից արդեն հանել են հանքափորերի 13 դի, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով AFP -ին:
Ժամանակավոր ապաստարան տեղափոխված Ֆիլիպինցիների թիվն արդեն գերազանցել է 72 հազարը: Թայֆունը ամբողջովին փլուզել է 47 տուն ու վնասել գրեթե հազարը, խախտել է որոշ բնակավայրերի էներգամատակարարումը ու ճանապարհային հաղորդակցությունը: Մի շարք նահանգներում դադարեցվել են դպրոցների պարապմունքները եւ օդային չվերթները, դադարել է նաեւ ծովային հաղորդակցությունը:
Արեւադարձային փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է ժամում 180 կիլոմետր, իսկ պոռթկումները գերազանցում են ժամում 255 կիլոմետրը: Թայֆունի անցման գոտում ծովային ալիքների բարձրությունը հասնում է 12 մետրի:





























