Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերյան իր էջում Դոնբասի եւ Լուգանսկի տարածքները համեմատել է Տոլկինի սերիական վեպերում առկա չարի տարածքի` Մորդորի հետ:
«Ուկրաինան եղել է, կա եւ կլինի: Իսկ Նովոռոսիան տոլկինյան առասպել է Մորդոր անվանումով»,- Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը: Օգոստոսի 24-ին Ուկրաինայում հանդիսավորապես նշում են Անկախության օրը:
Ավելի վաղ, ելույթ ունենալով Կիեւում տեղի ունեցած Անկախության երթի ընթացքում, Պորոշենկոն հայտարարել էր, որ Դոնբասի հակամարտության ընթացքում 2,1 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել: Նա նաեւ հաղորդել է, որ Դոնբասի տարածքում 40 հազար գրոհային կա, որոնցից 9 հազարը Ռուսական Դաշնության կադրային զինվորականներ են:





























