ՀՅԴ-ն առաջարկելու է, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո Հանրապետության նախագահի ընտրությունը կատարի միայն Ազգային ժողովը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք առաջարկում էինք, որ Սփյուռքին էլ ներգրավվենք, սակայն եթե դա չի ընդունվում, ապա ընտրիչների համակարգը պետք է հանել, նախագահին պետք է ընտրի Ազգային ժողովը։ Հենց այս առաջարկությամբ էլ հանդես ենք գալու»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենք այլ առաջարկություններ էլ ունեն, որոնք պատրաստվում են ներկայացնել ԱԺ քննարկման։
Ինչ վերաբերում է նոր նախագծի մյուս՝ երկփուլ ընտրությունների դրույթին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ այս դրույթի վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկություններից մեկն արդեն ընդունվել է եւ ներառվել նախագծում։
«Երբ առաջին անգամ հրապարակված նախագիծը, այնտեղ առաջին փուլից հետո կոալիցիա կազմելու հավանականություն չկար։ Մեր առաջարկություններից հետո երկրորդ անգամ հրապարակված տեքստում արդեն կար սահմանում, որ եթե առաջին փուլի արդյունքով կամ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով քաղաքական մեծամասնություն չի ձեւավորվում, երկրորդ փուլ է լինում։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերին որոշակի ժամկետ է տրվում՝ կոալիցիա կազմելու, եւ միայն այդ ժամկետից հետո է նշանակվում ընտրությունների երկրորդ փուլը»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով։ Սպասվում է, որ աշնանային առաջին քառօրյային սկսվելու է նախագծի քննարկումը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ արդեն սեպտեմբերի վերջին նախատեսվում է հանրաքվեի անցկացումը։





























