Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ ոչ մեկի իշխանությունը հավերժ չէ։

Այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակի հայտարարությանը, թե ԱԺ նախագահը, վարչապետն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «1995թ. ընդունվեց առաջին Սահմանադրությունը, երկիրը դարձավ նախագահական, ՀՀՇ-ի սահմանադրությունն ընդունվեց, եւ նրանք հայտարարում էին, որ մինչեւ 2020թ. իրենք են լինելու իշխանությունը։ 3 տարի անց այդ իշխանությունն այլեւս չկար։ 2005թ. ընդունվեց կիսանախագահական համակարգը, ասում էին՝ Քոչարյանը դա արեց՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Երեք տարի անց գիտենք՝ ինչ եղավ։ 2015թ. է, գումարեք եւս երեք տարի, կստանանք Շարմազանովի հարցի պատասխանը։ Հավերժ ոչինչ չկա»։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով։ Սպասվում է, որ աշնանային առաջին քառօրյային սկսվելու է նախագծի քննարկումը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ արդեն սեպտեմբերի վերջին նախատեսվում է հանրաքվեի անցկացումը։