Ավագանու ՀՀԿ անդամի փոխարեն լիներ մի անպաշտպան քաղաքացի, կպատժվեր օրենքի ողջ խստությամբ, իսկ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամի դեպքում՝ անօրինականության փաստ չի արձանագրվում: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Ամեն երկուշաբթի սպասում եմ, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը կզեկուցի Երեւանի Բաբաջանյան 18/3  հասցեում Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ Գեւորգ  Խաչատրյանի կողմից  հողազավթման մասին, սակայն` ապարդյուն:

Պարոն Ասատրյանը համառորեն պնդում է, որ հողազավթման դեպք առկա չէ այն դեպքում, երբ քաղաքապետի բառերով  որակված «անօրինական»  փոսն անմիջապես իմ պատուհանի տակ է գտնվում  եւ դեռ մեկ տարի առաջ, իմ նամակին ի պատասխան 02.07.2014թ. թվակիր նամակում Քաղաքապետն անձամբ տեղեկացրել էր, որ հանձնարարված է «իր միջոցներով վերականգնվի տարածքի տեսքն ու բերվի պատշաճ սանիտարական վիճակի»: Քանի որ նամակում չի երեւում, թե ում է հանձնարարված, ենթադրում եմ, որ  հենց Գեւորգ Խաչատրյանին է հանձնարարվել: Նա էլ առյուծի սիրտ է կերել ու չի կատարում պարոն Մարգարյանի հանձնարարությունը:

Պարոն Ասատրյանը տեղյակ չէ՞ այս հանձնարարականին, որ շարունակում է պնդել, թե այդտեղ հողազավթում չկա:

Խնդրում եմ պարզաբանել, թե եթե սա հողազավթում չէ, ապա ի՞նչ անուն ունի  այս երեւույթը, որի համար  մեկ ուրիշ քաղաքացի  կպատժվեր օրենքի ամբողջ խստությամբ, իսկ  Երեւանի ավագանու ՀՀԿ անդամի կողմից արված ապօրինությունը  ոչ միայն չեք տեսնում, այլեւ ուզում եք ինձ համոզել, որ  Բաբաջանյան 18/3  հասցեում, իմ պատուհանի տակ   մոտավորապես  25 ք.մ.  մակերեսով  փոս չկա, որն  իհարկե ո՛չ  պարոն քաղաքապետը, ո՛չ պարոն Ասատրյանն ամեն օր  չեք տեսնում»: