Հիմնադիր խորհրդարանը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կոչն ուղղված քաղաքական ուժերին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում ասվու, է

«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը, քանի որ նա վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը:

Այս համատեքստում ողջունելի է նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձեւավորել Ժողովրդական վստահության կառավարություն:

Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է Հիմնադիր խորհրդարանի ծրագրին: Միեւնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի մոբիլիզացիան կարող է տեղի ունենալ քաղաքացիական ակտիվությանը զուգահեռաբար՝ ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, որին էլ արդեն

ձեռնամուխ է եղել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Ակնկալում ենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը լրացուցիչ ազդակ կդառնա այդ ուժերի համախմբման համար, եւ մենք կարճ ժամանակ անց մեր ժողովրդին կներկայանանք միասնական ճակատով եւ նրա գործնական ծրագրով»: