Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի համար մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում է 14 տարվա ազատազրկում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 25-ին, դատախազն իր մեղադրական ճառում ասաց, որ մեղադրանքները հիմնավորվել են հետազոտված եւ ձեռք բերված ապացույցներով:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, դատարանի հանդեպ անհրագալից վերաբերմունքի համար 10 ժամով արգելվել էր նիստին նրա մասնակցությունը: Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:




























