Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի մեղքը դատարանում չի հաստատվել եւ մեղադրողի` 14 տարի ազատազրկման դատապարտելու պահանջը ծիծաղելի է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:
«Կյուրեղյանի մեղքը ոչ մի դրվագում ապացուցված չէ, ու եթե Շանթ Հարությունյանի կամ Վոլոդյա Ավետիսյանի գործով մենք ասում էինք, որ դա իրավական բեսպրեդել է, ապա հիմա՝ Հայկ Կյուրեղյանի դեպքում սա ուղղակի հաշվեհարդար է ցանկացած ընդվզող խմբի նկատմամբ»,- նշեց իրապաշտպանը:
Գագիկ Սարուխանյանը «շնորհակալություն հայտնեց ու շնորհավորեց բոլորիս», որ դատախազը Կյուրեղյանի համար ցմահ ազատազրկում չի պահանջել։
Իրավապաշտպանը կարծում է, որ Հայկ Կյուրեղյանը նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում անհնազանդության ակցիա է անցկացրել եւ դրա համար նրան պետք էր ընդամենը տուգանք նշանակել միայն:
Մեղադրողի ճառը բարկացրել էր դահլիճում բոլոր ներկաներին:
Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, որի պաշտպանությունից հրաժարվել էր Հայկ Կյուրեղյանը, կարծում է, որ մեղադրյալն այսօր պետք է մասնակցեր դատական նիստին:
«Մեղադրանքը չընդունելու պայմաններում Հայկ Կյուրեղյանը պետք է պարտադիր մասնակցեր դատական նիստին, որովհետեւ նրա պաշտպանությունը չիրականացվեց»,- նշեց Անժելա Հոբոսյանը։
Անժելա Հալոբյանը հաստատված չի համարում նաեւ այն, որ բոլոր տուժող ճանաչված ոստիկանները վնասվածք են ստացել դատարանի բակում:
«Դատարանում ցուցադրվածը չհաստատեց այն հանգամանքը, որ բոլորը վնասվածք են ստացել»,- նշեց հանրային պաշտպանը:
Անժելա Հոբոսյանը կարծում է, որ դատարանը կբավարարի մեղադրողի պահանջը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին։ Հայկ Կյուրեղյանը ներկա չէր դատական նիստին, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա, դատարանի հանդեպ անհրագալից վերաբերմունքի համար 10 ժամով արգելվել էր նիստին նրա մասնակցությունը:
Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:





























