Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանը ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին մեղավոր է ճանաչել՝ ահաբեկչական կառույց կազմակերպելու համար ու դատապարտել նրան 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Երկրորդ դատապարտյալը ՝ Ալեքսանդրր Կոլչենկոն, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։
Օլեգ Սենցովի եւ Ալեքսանդր Կոլչենկոյի դեմ Անվտանգության դաշնային ծառայության եւ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքների բովանդակությունն այն է, որ անցած գարնանը՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, նրանք Սիմֆերոպոլում կազմակերպել են «Ղրիմի ռուսական համայնք» կազմակերպության եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գրասենյակի հրկիզումը։ Բացի դրանից Անվտանգության դաշնային ծառայությունը վստահեցնում է, որ Սենցովն իր համախոհների հետ միասին ծրագրում էր պայթեցնել Լենինի հուշարձանը։
Սենցովն ու Կոլչենկոն իրենց դեմ հարուցված գործը քաղաքական են համարում, իսկ ապացույցները ՝ քննչության կողմից կեղծված։ Բացի դրանից Սենցովը հայտարարել է, որ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալությունից հետո իրեն ծեծել են ու կտտանքների ենթարկել։




























