Հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ, 52-ամյա Վարդան Թումանյանի գործով ամբաստանյալներ Սարգիս Ղուկասյանը, Գեւորգ Սարգսյանը (Ջունգլ) փորձել են ապօրինաբար հատել Հայաստանի սահմանը։ NEWS.am-ի հետ զրույցում նման կասկած հայտնեց տուժողի կինը`իրավահաջորդ Տանյա Մելքումյանը։

Տիկին Մելքումյանի տեղեկություններով` Գեւորգ Սարգսյանը օրեր առաջ վթարի է ենթարկվել, ինչը տեղի է ունեցել հենց սահմանը հատելու փորձի ժամանակ. «Մեքենան ջարդուխուրդ ա եղել,  ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել»:

Կնոջ խոսքով` Գեւորգ Սարգսյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու վերաբերյալ ստորագրությունը, կարողացել է այնպես անել, որ վթարի վերաբերյալ որեւէ տեղեկություն չտարածվի։

Նշենք, որ եւ Գեւորգ Սարգսյանը եւ գործով մյուս ամբաստանյալ Սարգիս Ղուկասյանը,  այսօր՝ օգոստոսի 25-ին, կրկին չէին ներկայացել դատարան։ Նրանց նախկին փաստաբան Կարեն Մկրտչյանը դատարանին հայտնեց, որ վերջինները վատառողջ են, սակայն չնշեց, թե կոնկրետ առողջական ինչ խնդիրների մասին է խոսքը։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ամբաստանյալների բերման ենթարկել:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ առաջին փորձաքննությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ կրկնակի փորձաքննությունը ցույց էր տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր, նրանք կալանքից ազատվել էին։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: