Հայաստանի սահմանադրական  բարեփոխումների նախագծում լուրջ փոփոխություններ են կատարվել ընդդիմության դերի շնորհիվ: Այդ մասին օգոստոսի 25-ին Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն մի շատ պարզ պատճառով պաշտպանում է այդ գործընթացը.  «Քսանհինգ տարի շարունակ մենք հետևողականորեն ցանկանում էինք, որ երկիրն անցնի կառավարման խորհրդարանական ձևի` վստահ լինելով, որ մեր բոլոր խնդիրները բխում են մոնոպոլ վիճակից: 1995 թվի սահմանադրությամբ հիմք դրվեց ժողովրդավարական գործընթացներից շեղմանը: Այսօր մեր խնդիրը դա վերականգնելն է,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն,-շարունակել է նա,- դա շատ լավ ձևակերպել է իր 7 կետերում, որոնցից 3-ը լիակատար կերպով ընդգրկվել են սահմանադրական բարեփոխումների նախագծի մեջ: «Առաջին կետ. անցում կառավարման նախագահական ձևին, երկրորդ` անցում համամասնական համակարգի, երրորդ` ընդդիմության դերի բարձրացում»»,-ավելացրել է Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերի միջև կոնսենսուս կա սահմանադրական բարեփոխումների անցկացման վերաբերյալ, ՀՅԴ-ից պատգամավորը նկատել է. «Կոնսենսուս չկա և հազիվ թե լինի: Հայաստանի ոչ մի հանրաքվե, ոչ 1995-ին, ոչ 2005-ին կոնսենսուսով չի անցել: Բայց այժմ նրանք, ովքեր հանդես են գալիս հին սահմանադրության պահպանման օգտին, անցյալում բողոքում էին դրանից: Որտե՞ղ է տրամաբանությունը»: