Հարեւանների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ազատամարտիկ, 52-ամյա Վարդան Թումանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը կմիջնորդի անցկացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար, թե  կա արդյոք ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ: Այս մասին այսօր՝օգոստոսի 25-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Տիգրան Մուրադյանը:

Նշենք, որ առաջին դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Վարդան Թումանյանը մահացել է ծեծի հետեւանքով, մինչդեռ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ ազատամարտիկի մահվան եւ ծեծի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա: Դրանից հետո «Ջունգլի» եւ Սարգիս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել էր, նրանք կալանքից ազատվել էին։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուրադյանի խոսքով՝ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել եւ հաշվի չի առել երկու եզրակացությունների մեջ եղած հակասությունները:

«Կա առաջին դատաբժշկական փորձաքննություն՝ երեսունհինգ տարվա փորձագետը հետազոտել է դիակը, ներկայացված է մեթոդիկան: Եվ նա հաստատված է համարել, որ մահվան պատճառը ծեծն է, իսկ երկրորդ հանձնաժողովայինում ոչ մեթոդիկա կա, ոչ հիմնավորում»,- նշեց փաստաբանը:

Տիգրան Մուրադյանը կարծում է, որ այս գործը ցանկանում են կոծկել եւ խուսափել սպանության համար պատասխանատվությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդիի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Վարդան Թումանյանի մահվան առնչությամբ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ: