Մարկ Ցուկերբերգի հիմնադրած Facebook սոցիալական ցանցը հրաժարվել է քաղաքացիների անձնական տվյալները պահել ՌԴ-ի սերվերներում: 

Ինչպես բացատրել է Սկանդինավիայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Facebook-ի հանրային քաղաքականության հարցերով տնօրեն Թոմաս Միրում Կրիստենսենը, ընկերությունն այդ քայլը տնտեսապես շահավետ չի համարում:  

Ինչպես գրում է «Ведомости»-ն, Facebook-ը իր օգտատերերի հաշիվներում առկա տեղեկատվությունը անձնական տվյալներ չի համարում:  

«Ինտերֆաքսին» իր տված հարցազրույցում Ռոսկոմնադզորի մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին հերքել է անձնական տվյալները Ռուսաստանում պահելու Facebook-ի հրաժարումը: Հայտնի է դարձել նաև, որ կարգավորիչ մարմինը չի պատրաստվում ինտերնետ ռեսուրսի ստուգումներ անցկացնել:

Ռուսաստանցիների անձնական տվյալների մասին օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1-ից: Այն պարտավորեցնում է ՌԴ-ի քաղաքացիների անձնական տեղեկությունները պահել և մշակել միմիայն Ռուսաստանի տարածքում: Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը հաղորդել է, որ վիզաների տրամադրումն ու ավիատոմսերի վաճառքը այդ օրենքով չեն կարգավորվում: