ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասյօր՝ օգոստոսի 26-ին, հանդիպել է «Նոյեմբերի 5»-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի հետ:

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Հայկ Կյուրեղյանի հետ, ում համար մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել:

Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել:

Մեր զրույցի ժամանակ Կյուրեղյանն ասաց, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ:

Մեծ է հավանականությունը, սակայն, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն կզրկեն պաշտպանական ճառով եւ վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:

Որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը եւ արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: