Հնդկաստանի արեւմուտքում՝ Գուջարաթ նահանգում հանրահավաքից հետո սկսված անկարգությունների հետեւանքով երեք մարդ է զոհվել։ Իրավիճակի կարգավորման համար նահանգ են ուղարկվել բանակային ստորաբաժանումներ։

Նախօրեին նահանգի մայրաքաղաք Ահմեդաբադում պատիդար կաստայի հանրահավաքն էր։ Այդ կաստայի ներկայացուցիչները պետական աշխատատեղերի ու ուսումնական հաստատությունների քվոտաներ էին պահանջում իրենց համար։ Հանրահավաքում  ելույթ ունեցող՝  այդ կաստայի ներկայացուցիչ 21 –ամյա Հարդիկ Պատելին ոստիկանությունը ձերբակալել էր ու մեկ ժամ հետո ազատ արձակել։

Պատելի ձերբակալությունից հետո  օգոստոսի 25-ին Ահմեդաբադում ու պատիդարների կաստայի բնակության վայրերում անկարգություններ էին սկսվել։ Հրկիզվել էր մոտավորապես 100 ավտոբուս։

Օգոստոսի 26-ի առավոտյան Ահմեդաբադի դպրոցները, նաեւ Սուրատի ադամանդե բորսան չեն աշխատել։ Նահանգի մի շարք շրջաններում  հայտարարվել է պարետային ժամ, ներքին գործերի նախարարությունը նահանգ է ուղարկել մոտավորապես հինգ հազար աշխատակիցների ՝ կարգուկանոն պահպանելու նպատակով։ Արգելափակվել էին  ՍՄՍ  հաղորդագրությունները ու WhatsApp բջջային հավելվածը ՝ լուրերի տարածումը կանխելու   համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NDTV-ին։