Վանաձորի ավագանին փոխել է միտքը եւ կառավարությանը չի հղի «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ գործունեության վերաբերյալ բավական կոշտ ուղերձը, որն ընդունվել էր երկու օր առաջ հատուկ այդ նպատակով հրավիրված արտահերթ նիստին։ Այսօր` օգոստոսի 26–ին, ավագանին 2–րդ անգամ է արտահերթ նիստ հրավիրել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավագանու անդամների տրամադրվածությունը շրջադարձորեն փոխվել էր. նախորդ նիստին բուռն ելույթ ունեցած եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ գործունեությունը քննադատող անդամները կամ չէին եկել նիստին, կամ նկատելիորեն մեղմացրել իրենց դիրքորոշումը։ Քննարկման դրվեց հետեւյալ հարցը. ուղերձի տեքստից հանել «քաղաքացիների ահազանգերին ու դիմումներին ժամանակին չեն արձագանքում, վթարների վերացման աշխատանքները ժամանակին եւ որակով չեն իրականացվում» հատվածը։
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջարկեց հանդիպման հրավիրել խնդրին առնչվող բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ տալ որոշակի ժամանակ թերությունները վերացնելու համար:
Մոտ մեկ ժամ տևած քննարկման ընթացքում ավագանին երկմտում էր` չեղարկել ուղերձը, թե կասեցնել: Արդյունքում քննարկման դրվեց ավագանու երկու անդամների՝ առաջարկ ուղերձը կասեցնելու մասին, որը քվեարկությամբ ընդունվեց։
Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էր երկու օրվա ընթացքում դիրքորոշման նման կտրուկ փոփոխության պատճառը։
Հիշեցնենք, որ Վանաձորում տեւական ժամանակ դժգոհում են KFW բանկի վարկային միջոցներով ջրմուղի կողմից իրականացվող խողովակի վերականգնողական աշխատանքների որակից, մասնավորապես, վանաձորցիներին մտահոգում է այն, որ վթարներին պատշաճ չեն արձագանքում, իսկ վթարները վերացնելուց հետո ճանապարհները չեն վերականգնվում, ինչի հետեւանքով ամբողջ քաղաքի փողոցներն անմխիթար վիճակում են։





























