Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ԵՏՄ-ի ու Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:
«Մենք պայմանավորվեցինք շարունակել համատեղ ջանքերը՝ արտաքին գործոնների ազդեցությունը թուլացնելու եւ ապրանքափոխանակությունը կայուն աճի հասցնելու համար: Տնտեսության խթանման ուղղությամբ հստակ քայլերի թվում են ԵՏՄ-ի եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումն ու փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի գործածումը, ներդրումային համագործակցության խթանումը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինն ասել է իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Ավելի վաղ Եգիպտոսի դեսպանության աղբյուրը «Ъ»-ին հաղորդել էր, որ երկրում սպասում են Եվրասիական տնտեսական միության պատվիրակության այցին: Հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 10-ից ոչ ուշ: Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեման ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունները կլինեն:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին օգոստոսի 25-ին այցով Մոսկվա է ժամանել. թվով երրորդը 2014 թվականի հունիսի երդմնակալությունից ի վեր:




























