Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նահատակ է ճանաչելու սիրիական առաջին կաթոլիկ եպիսկոպոսին, ով սպանվել է Թուրքիայում 100 տարի առաջ, գրում է իտալական Il Messaggero-ն։

Ֆլավիոս Մելքին նախորդ դարասկզբին իրականացրած ցեղասպանության զոհերից է։ 

Սիրիացի կաթոլիկ եպիսկոպոսին նահատակ կհայտարարեն օգոստոսի 29-ին։ Հանդիսավոր պատարագը տեղի կունենա Լիբանանում, դրան կմասնակցեն Լիբանանի, Սիրիայի ու Իրաքի արեւելյան եկեղեցիների բազմաթիվ պատրիարքներ։

Արարողությունը կվարի Սիրիայի կաթոլիկ պատրիարք Իգնատիոս Հովսեփ Գ-ն։ Նահատակ ճանաչելու մասին հրամանը կընթերցի կարդինալ Անջելո Ամատոն՝ Վատիկանի գործերով կոնգրեգացիայի ղեկավարը։

Մելքին սպանվել է իր հավատքի պատճառով 1915 թ օգոստոսի 29-ին, Ջեզիրում, որը հիմա գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Նա ծնվել է 1858 թ Մարդինից ոչ հեռու գտնվող մի գյուղում, որն ավելի ուշ դարձել է դաժան կոտորածների վայր։ 1913 թ նրան նշանակել են Գազարտայի եպիսկոպոս։ 1915թ ամռանը նա որոշել է վերադառնալ Մարդին, երբ իմացել է, որ այդ քաղաքում զանգվածային սպանություններ են նախապատրաստում։

Օգոստոսի 28-ին օսմանյան իշխանությունները ձերբակալել են նրան ՝ այդ նույն քաղաքի քաղդեական եպիսկոպոսի հետ միասին։ Ականատես մահմեդականների պատմելով՝ երկու եպիսկոպոսներին էլ սպանել են այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են իսլամ ընդունել։