Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կառավարող`«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է Բաթումում «Ալին եւ Նինոն» շարժական քանդակը ոչնչացնելու համար:

«Այսօր Բաթումում օլիգարխ Իվանիշվիլիի դրդմամբ ոչնչացվել է «Ալին եւ Նինոն»  շարժական քանդակը, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Սաակաշվիլին: 

Վրաստանի գլխավոր սեւծովյա քաղաքի ափին տեղադրված  «Ալին եւ Նինոն» քանդակը վնասվել է օգոստոսի 26-ին ապամոնտաժման ընթացքում: «Բաթումի ծառուղու» ադմինիստրացիայի տեղեկության համաձայն, որոշվել էր քանդակը մի քանի տասնյակ մետրով տեղափոխել, բայց ապամոնտաժման ընթացքում պարանը կտրվել էր, եւ քանդակներից մեկը վնասվել էր: Ադմինիստրացիան պնդում է, որ վնասվածքները շտկելի են, փոխանցում է «Գռուզիա online»-ը:

Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, Աջարական ինքնավար հանրապետության կառավարությունից հայտարարել են, որ քանդակը տեղափոխելու որոշումը կայացվել է մի քանի ամիս առաջ` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ջուրը վնասել է քանդակի հիմքերը: 

«Ալին եւ Նինոն», Աջարական կառավարության տեղեկությունների համաձայն, կվերականգնեն սեպտեմբերի 5-ին: Քանդակը  կհայտնվի նոր տեղում, 50 մետր դեպի ծառուղու խորքը: Ինչպես նշում է գործակալությունը, քանդակի ապամոնտաժման եւ վնասվելու մասին լուրը մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն վրացական հասարակությունում, այլեւ` այն օտարերկրացիների շրջանում, որոնք հանգստացել էին Սեւ ծովի վրացական ափին: «Էդպիսի գեղեցկություն են փչացրել !!!! Ախր դա Բաթումիի այցեքարտն է», — վրդովվել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը:

«Ալին եւ Նինոն» քանդակը, որը սիրո քանդակ են կոչում, Բաթումի ծառուղու սկզբնամասում տեղադրել էին  2011 թվին` Սաակաշվիլիի նախագահության շրջանում: Զբոսաշրջիկների սիրած քանդակի հեղինակը Թամար Քվեստիտաձեն է: