Պետք չէ չափազանցնել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում պանթուրքիստական գաղափարախոսության նշանակությունը: Այդ մասին   «Միջազգային Երկխոսություն մամուլի կենտրոն» նախագծի շրջանակում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած համացանցային մամուլի ասուլիսին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, եվրասիական ինտեգրացիայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասնագետ Արկադի Դուբնովը` անդրադառնալով այն հարցին, թե Կենտրոնական Ասիայի  երկրներում որքանով են աջակցում Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից առաջ մղվող պանթուրքիզմի գաղափարին:

Նրա խոսքով, պանթուրքիզմի գաղափարները առավել կամ պակաս հաջողությամբ ընկալվում են Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներում, բացառությամբ Տաջիկստանի` պարսկալեզու երկրի, որն իրեն ավելի մոտ է զգում Իրանին եւ մասամբ` Աֆղանստանին: «Պանթուրքիստական գաղափարախոսությունը իշխանությունների կամ առանձին խմբավորումների կողմից օգտագործվում է այն ժամանակ, երբ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ եվրո-ատլանտյան արժեքներին կամ էլ այսպես կոչված «ռուսական աշխարհին» մերձությանը, իսկ երբեմն էլ` Թուրքիայից ֆինանսական կամ այլ օգնություն ստանալու նպատակով նրան հավատարմություն արտահայտելու համար: Վերջին ժամանակներս նման դեմարշների են դիմել Ղազախստանի եւ Ղրղզստանի առաջնորդները », - նշել է Արկադի Դուբնովը: