Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր`օգոստոսի 27-ին, երեք վկաներ ցուցմունք են տվել քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի օգտին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը` ավելացնելով, որ վկաները եղել են «Մագնում» հյուրանոցի տնօրենը եւ երկու աշխատակիցներ, որոնք պնդել են, թե Մովսես Ներսիսյանի սպանության օրը աղմուկ չեն լսել: Վկաների ցուցմունքը կարեւոր է այն առումով, որ ըստ մեղադրականի` Իսրայել Սարգսյանը այս հյուրանոցում է սպանել Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին: 

«Հյուրանոցի աշխատողները գործի համար կարեւոր ցուցմունքներ տվեցին: Էական էր այն առումով, որ հյուրանոցի աշխատողները ասացին`հնարավոր չէ իրենց մոտ մարդ սպանված լիներ, իրենք աղմուկ լսած չլինեին: Կարեւոր էր պարզել` լսող կամ տեսնող եղե՞լ է: Ասացին, որ աղմուկ չի եղել: Եթե հյուրանոցում որեւէ մի բան խառնվեր իրար, մի իր շարժվեր աղմուկ կլիներ։ Իսկ սպանությունը անաղմուկ չի լինում, նա հավ չէր, ճանաչված տիպ էր, ինչպե՞ս սպանեցին, որ ոչ մի աթոռ, սեղան, ոչ մի իր տեղից չշարժվեց, հեռուստացույցը շուռ չեկավ, կամ աղմուկ չբարձրացավ: Պաշտպանական առումով օգտական վիճակ էր, որ դա հաստատվեց»,- ասաց պաշտպանը:

Հեկտոր Սարդարյանի խոսքով` վկաների ցուցմունքը էապես կօգնի գործի բացահայտմանը, եւ նրանց վկայությունը կօգտագործի իր պաշտպանական ճառում:  

«Վկայությունները կօգնեն գործին, ես դրանք կօգտագործեմ իմ պաշտպանական ճառում, եթե ինչ-որ բաներ չփոխվի քննության ընթացքում, հերթը հասնի իմ ճառին»,- ասաց նա:

Պաշտպանի` հետաքրքրական է համարում նաեւ այն, որ դեպքի օրը Իսրայել Սարգսյանը ձերբակալվել է առանց ընթերակաների ներկայությամբ: Պաշտպանը այսօր` դատական նիստին հայտարություն է արել այս մասին, ոստիկանությանը` հորդորելով առհասարակ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել :

«Իսրայելին  փողոցում ձերբակալել, տարել են ոստիկանության բաժին: Ոչ մի ընթերակա ներկա չի լինում, շենքում ձերբակալման ենթարկելուց ահագին ժամանակ հետո բերում են ինչ-որ ընթերականեր, որոնք ստորագրում են արձանագրությունը, թե Իսրայել Սարգսյանի գոտկատեղում ատրճանակ կար: Այսինքն գործողություն են կատարել առանց ընթերակաների, հետո ուշացումով բերում են: Ընթերակաները ձերբակալելիս պետք է ներկա լինեն: Ոստիկանությունը, իր սովետական սովորության համաձայն, մարդկանց ձերբակալում, տանում է շենք, հետո նոր փողոցից ընթերակա է գտնում, բերում որ արձանագրի` ձերբակալվածի գրպաններում, կամ գոտկատեղին ինչ կար: Չի կարելի նման խախտումներ թույլ տալ»,- ասաց պաշտպանը` նշելով, որ ընթերակաների բացակայության պատճառով են այժմ ապօրինի զենք կրելու մեղադրանք առաջադրել ամբաստանյալին:

Հեկտոր Սարդարյանը նշեց, որ գործով մյուս վկաները էական ցուցմունքներ չեն տվել:

«6-7 վկա հարցաքննվեց: Մեկն ասաց` հեռախոսը բերել էին, ես ստուգեի, տեսնեի աշխատում էր, թե չէ, ինչ-որ ջարդված հեռախոս է եղել: Մյուս երկուսն էլ ընդհանրապես բան չասացին»,- ասաց նա:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: