20 տարին մի ակնթարթ էր` բուռն իրադարձություններով, եւ երեւի թե դեռ ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք գնահատել ե՛ւ հռչակագրի, ե՛ւ Գերագույն խորհրդի կողմից ընդունված բազմաթիվ քաղաքական որոշումների պատմական նշանակությունը։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 20-ամյակին, որը նշվում է այսօր` օգոստոսի 23-ին: Ի դեպ, նա այդ ժամանակ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր` ԱԺՄ խմբակցության անդամ:

«Մի բան ակնհայտ է, որ հիմք էր դրվում նորանկախ պետականության, եւ ես կարծում եմ, որ հենց հռչակագիրը ստեղծեց այն հիմնական հենքը, որի վրա մենք հետագայում կառուցեցինք մեր ամբողջ օրենսդրական դաշտը։ Հռչակագիրը էական դեր ունեցավ մեր երկրի զարգացման ուղղությունները եւ ռազմավարությունը որոշելու առումով»,- ասել է Տ. Սարգսյանը:

Հարցին, թե կցանկանայի՞ք վերապրել այդ ժամանակները, նա պատասխանել է. «Դա բարդ հարց է, որովհետեւ միշտ, երբ խոսքը վերապրելու մասին է, մտածում ես՝ ո՞ր սխալները չէիր գործի, ի՞նչ բացթողումներ կլրացնեիր, ի՞նչ ողբերգական իրադարձություններ կարելի էր շրջանցել եւ, բանականաբար, դա փիլիսոփայական մտորումների տեղիք է տալիս»: