Գյումրին արդեն կամաց-կամաց դուրս է գալիս փակ շրջանից, այժմ այստեղ  երիտասարդներին ապահովվում են ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներով, այլեւ աշխատանքով, որի հիմնական նպատակը Գյումրիից Երեւան երիտասարդների արտահոսքի կանխումն է: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը:

Նրա խոսքով` նախկինում, գյումրեցի իրեն քիչ թե շատ ՏՏ ոլորտի մասնագետ համարող երիտասարդը հեռանում էր Գյումրիից, իսկ խոշոր ՏՏ ընկերությունները չէին ցանկանում գրասենյակներ բացել Գյումրիում` չնայած գրասենյակների վարձակալության եւ աշխատուժի անհամեմատ ավելի էժան լինելուն:

«ՏՏ ընկերությունները նախկինում այս ամենը հիմնականում կապում էին Գյումրիում բավարար քանակի որակյալ կադրեր չլինելու հետ, չկար կրիտիկական զանգված, որտեղից ընկերությունները կկարողանային աշխատակիցների ընտրություն կատարել»,- ասաց Պարոնյանը` հավելելով, որ այժմ այս առումով Գյումրիում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում, թեեւ ասել, որ այսօր ընկերությունները Գյումրիում կարող են գտնել իրենց անհրաժեշտ քանակությամբ մասնագետների, դեռեւս վաղ է:

«Ճիշտ է, դեռեւս Գյումրիում մասնագետների այդ ծավալը չկա, բայց շարժ կա, եւ փոքր եւ միջին ընկերությունների համար այժմ ընտրության հնարավորություն կա, ինչը 2007 թվականին չկար»,- ասաց «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի գործադիր տնօրենը:

Նրա խոսքով` իրենց կենտրոնում արդեն շուրջ հինգ տարի է սկսվել է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստում` տարբեր մասնագիտացումներով:

«Մենք այս տարի ունեցանք 14 շրջանավարտ, որոնցից 10-ն արդեն իսկ աշխատում է Գյումրիում գործող տարբեր ընկերություններում, ինչը մենք համարում ենք կարեւոր ձեռքբերում, քանի որ այդպիսով կարողանում ենք երիտասարդ մասնագետներին պահել Գյումրիում»,- ասաց Պարոնյանը:

Նա նշեց նաեւ, որ կենտրոնում դեռեւս դասավանդում են Երեւանից ժամանակ ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում աշխատող պրակտիկ մասնագետներ, սակայն այժմ աշխատանքներ են տարվում տեղում դասախոսներ պատրաստելու ուղղությամբ:

«Հավանաբար արդեն հաջորդ տարի մեր շրջանավարտները որոշակի դասախոսություններ եւ վերապատրաստումներ անցնելուց հետո իրենք կդասավանդեն կենտրոնում»,-ասաց Պարոնյանը:

Տեղեկացնենք, որ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը» հիմնադրվել է 2005 թվականին: Ընդհանուր առմամբ կենտրոնը ունի 53 շրջանավարտ, որոնցից 48-ը այժմ աշխատում է Գյումրիում գործող տարբեր ընկերություններում։