Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում է տվել Կոմիտասի պողոտայի 5ա բնակելի շենքի բնակիչների կողմից բարձրացված խնդրի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այդ շենքի բնակիչները (Արեւելյան խոհանոցի դիմացի մայթ) հայտարարել էին, որ արդեն 3-րդ օրն է, դիմադրում են մի խումբ մարդկանց, որոնք քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում: Նպատակն է բակում գտնվող ենթակայանը տեղափոխել մեկ այլ վայր եւ բակի ու այգու տարածքում սկսել բարձրահարկ շենքի շինարարություն:
Քաղաքապետարանի պարզաբանման մեջ նշվում է. «Երեւանի քաղաքապետի 25.11.2005թ. որոշմամբ «Լիբեր» ՍՊ ընկերությանը թույլատրվել է Կոմիտասի պող. հ.5 հասցեում «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲ ընկերության տարածքից առանձնացված հատվածում կառուցել բազմաբնակարան բնակելի շենք։ Նույն որոշմամբ, «Լիբեր» ՍՊ ընկերությանը պարտավորեցվել է տարածքում գտնվող քարշի հին ենթակայանի փոխարեն կառուցել նոր, տեխնիկապես առավել արդիական քարշի ենթակայան։
Վերը նշված հասցեով հողատարածքը առանձնացված եւ պարսպապատված է, այն երբեւիցե որպես որեւէ բնակելի շենքի բակային տարածք կամ այգի չի ծառայել, այլ եղել է «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲ ընկերության տարածքը։
Այնուհետեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից բազմաբնակարան բնակելի շենքի եւ քարշի ենթակայանի կառուցման համար տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցվել է նախագիծ եւ տրամադրվել է շինարարության թույլտվություն։
Նախագծային փաթեթը անցել է համապատասխան փորձաքննություն ։
Բազմաբնակարան բնակելի շենքը եւ քարշի ենթակայանը հարեւան բնակելի շենքերից տեղադրված են նորմատիվ հեռավորության վրա եւ որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել հարեւան շենքերի նորմալ կենսագործունեությանը»:
Իսկ ահա Կոմիտասի 5ա շենքի բնակիչներից մեկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է, որ էլեկտրակայան շենքի հետեւի հատվածում արդեն կա, պարզապես փորձում են այն ավելի մոտեցնել շենքին, որպեսզի տեղում 14 հարկանի շենք կառուցեն: «Էլեկտրակայանի քարե պարսպի երկայնքով երկաթե ցանկապատ կա եւ բնակիչները կանաչապատել ու խաղող են աճեցրել այդ հատվածում։ Բայց կիրակի օրը մի խումբ մարդիկ եկել ու սկսել են պոկել խաղողները, գցել մեր կողմ։ Ուզում էին կտրել երկաթե ցանցերը` իրենց գործն սկսելու համար»,-պատմել է շենքի բնակչուհին: Նա նշել է, որ եթե ադ հատվածում շինարարություն սկսվի, ապա բնակիչների կողմից տնկված ծառերն ու կանաչապատված տարածքը , որն ի դեպ, նախկինում լի է եղել աղբով, կոչնչացվի:



























