Բոլորս էլ ցանկանում ենք ավելի շատ ամերիկյան եւ արտասահմանյան ներդրումներ տեսնել Հայաստանում, սակայն, ցավոք, գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ, որոնցից մեկն էլ կոռուպցիայի գործոնն է: «Երկխոսություն» Միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակում անցկացված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը՝ անդրադառնալով Հայաստանում կոռուպցիոն երեւույթներին եւ ամերիկյան ներդրումների վրա դրանց ազդեցության մասին Երեւանում ԱՄՆ ներկա դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարություններին:

Նրա խոսքով, կոռուպցիա կա ամենուր: «Բայց Հայաստանում, կարծում եմ, թափանցիկության եւ ընկալման պակաս կա այն բանի, որ դատարաններն արդարադատություն չեն ապահովում՝ խորացնելով խնդիրը»,- հավելեց Ջոն Էվանսը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար եւ մեծ դեր է խաղում երկրի կյանքում: Ըստ դիվանագետի, եթե չհաջողվի լուծել այդ խնդիրը, դա կանդրադառնա կոնկրետ ոլորտներում երկու երկրների հարաբերությունների վրա, օրինակ՝ կազդի ներդրումների վրա: