Երեւանում հանրային տրանսպորտի վարորդների կողմից ծխելու եւ հեռախոսով խոսելու հարցում քաղաքապետարանն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը: Այս մասին նշվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթեւեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթեւեկության միամսյակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ նաեւ հետեւողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երեւույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը եւ հեռախոսով խոսելը: Համոզված եմ կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երեւույթները որքանով են սպառնում է մեր համաքաղաքացիների ապահով երթեւեկությանը: Ուստի պետք է այդ ուղղությամբ հստակ եւ նպատակային աշխատանքներ տանել՝ դրանք մեզանում բացառելու համար: Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների եւ ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում: