Միջուկային համաձայնագիրը պատերազմի դեմ տարած հաղթանակի լավագույն օրինակ է: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Կարող եմ հպարտությամբ հայտարարել, որ այսօր աշխարհի հետ Իրանի հարաբերությունների նոր գլուխ է բացվում: Իրանի միջուկային խնդրի շուրջ ընդունված փաստաթուղթը հզոր նախադեպ է ստեղծում, երբ երկու երկրները, պատերազմելու փոխարեն, երկխոսություն են սկսում: Կարծում ենք, ինչպես իրանական հին ասացվածք է ասում, որքան շուտ կանգնեցնես վնասը, այնքան մեծ շահ կստանաս: Մենք կասեցրեցինք վնասը»,- հայտարարել է Ռոուհանին:

Նա նաեւ հայտարարել է, որ Իրանի կողմից «ոչինչ չկա՝ բացի տրամաբանությունից, խելամտությունից եւ բարոյականությունից»:

«Միջուկային համաձայնագիրը պատերազմի դեմ տարած հաղթանակի լավագույն օրինակ է: Համաձայնագիրը կարող է եւ պետք է նոր դարաշրջան ստեղծի ու հանգեցնի տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության»,- ընդգծել է Իրանի ղեկավարը: