ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարը ներառել միջազգային իրավական փաստաթղթում: «Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան վերածվել են աշխարհի ամենից անհանգիստ տարածաշրջաններից մեկի»,- ասել է նա:

Ըստ Gazeta-ի, Ռոուհանին ցավալի է համարում փաստը, որ «այդ տարածաշրջաններում ազգային ապստամբությունները ղեկավարում են ահաբեկիչները»:

Իրանի ղեկավարն ընդգծել է, որ իրենք պատրաստ են «նպաստել ահաբեկչության վերացմանը՝ Սիրիայում եւ Իրաքում ժողովրդավարության ուղի հարթելու համար»: «Այսօր Իրանը պահպանում է պատմական ժառանգությունը, բայց եւ նայում է դեպի ապագա՝ համագործակցության եւ համակեցության հեռանկարով»,- հավելել է Ռոուհանին:

«Մենք չենք մոռանա անցյալը, բայց մենք չենք ցանկանում անցյալով ապրել: Մենք չենք մոռանա պատերազմն ու պատժամիջոցները, բայց խաղաղության եւ զարգացման հույս ունենք: Ցանկանում ենք նորովի միջազգային կարգուկանոն ստեղծել՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- հայտարարել է Իրանի նախագահը: