Օգոստոսի 28-ին Սոչիի «Խաղաղ Դոն» հանգստյան տանը բացվելու է «Ռուսաստանի հայկական Սփյուռքը. ժամանակի մարտահրավերներ» անվանումը կրող միջազգային հասարակական երկօրյա կոնֆերանս, որի կազմակերպիչներն են «Երկրամաս» թերթն ու ТВ3В հեռուստաընկերությունը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կոնֆերանսին մասնակցելու են գիտնականներ ու հասարակական գործիչներ Մոսկվայից, Ռոստովի, Ստավրապոլի, Կրասնոդարի երկրամասերից, Ադիգեյի Հանրապետությունից, Հայաստանից, ԼՂՀ-ից ու Աբխազիայից:
Կոնֆերանսի ժամանակ զեկույցներ են լինելու չորս թեմայի շուրջ` «Սփյուռք եւ Հայաստան», «Սփյուռք եւ Արցախ», «Սփյուռք եւ Հայ դատ», «Սփյուռք եւ հասարակություն»:
Հայտնի է զեկույցներից մի քանիսի խորագիրը. «Ռուսաստանում հայկական սփյուռքի դերն ու խնդիրները հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում», «Ռուսաստանում հայկական սփյուռքի դերը համազգային խնդիրների լուծման գործում», «Ռուսաստանի հայկական սփյուռքի դերը ԼՂՀ-ի կայացման գործում», «Ռուսաստանում հայկական սփյուռքի դերը ռուսական ՀԿ-ների գործունեության մեջ», «Ռուսաստանում հայկական սփյուռքի ինքնակազմակերպմն ձեւերը», «Ռուսաստանում ջավախքյան սփյուռքի դերը Ձավախքի հայ բնակչության շահերի պաշտպանության եւ կապերի ամրապնդման գործում», «Հայոց լեզուն այսօր եւ վաղը» եւ այլն:




























