Համալսարանական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անել ժամկետից շուտ: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, նույն շրջանակները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ ռեկտոր դառնալու մտադրություն ունի Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է ԵՊՀ գործող ռեկտորից:
Թերթը նշում է, որ Արամ Սիմոնյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում ավարտվում են 2011-ի մայիսի վերջին: Ըստ ԵՊՀ կանոնադրության, համալսարանի խորհուրդը իրավունք ունի ռեկտորին վաղաժամ հետ կանչել: Արամ Սիմոնյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մտադիր չէ իր լիազորություններից վաղաժամ հրաժարվել: «Առայժմ լիազորություններս վայր դնելու մտադրություն չունեմ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե ԵՊՀ հաջորդ ռեկտորի ամենահավանական թեկնածուն Լեւոն Սարգսյանն է, Արամ Սիմոնյանն ասել է.«Ես՝ առանց կոմենտարիաների, որովհետեւ ես ասում եմ, այդ բոլորը խոսակցություններ են, որոնք խանգարում են մեր հիմնական գործին: Կգա ժամանակը, կհայտնվեն թեկնածուները, խորհուրդը թեկնածուների միջից կընտրի ամենաարժանավորին, նա էլ կլինի ռեկտոր»:
Թերթը հիշեցնում է, որ Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է ընտրվել 2005թ., ընտրություններն անցել են խիստ լարված, մի քանի փուլով: Սիմոնյանն ընտրություններից մեկ օր առաջ հասցրել է անդամագրվել ՀՀԿ-ին եւ մեծ դժվարությամբ դարձել ռեկտոր: Նրա հիմնական մրցակիցը Գագիկ Ղազինյանն էր, ով ընդամենը մեկ ձայնի պատճառով տապալվեց:




























