Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն արագորեն դառնում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը հետխորհրդային տարածքում, գրում է Human Rights Watch-ի գերմանական մասնաճյուղի տնօրեն Վենզել Միխալսկին՝ Human Right Watch-ի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:
Անդրադառնալով հունիսին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերին՝ հեղինակը նշում է մի քանի գերմանական պատգամավորների անուններ՝ Մարք Հոփթման, Էդերհարդ Գինգեր եւ Անդրե Հահն, որոնք այցելել էին Բաքվի խաղերին եւ քննադատել Եվրոպայի այն նախագահներին, որոնք ներկա չէին գտնվել այդ խաղերին՝ «ցույց տալու համար իրենց բարեկամությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»:
Միխալսկին նշում է, որ Եվրոպական խաղերին չէին մասնակցել նաեւ ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովան, իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսները, ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, իրավաբան Ինթիգամ Ալիեւը եւ այլք, ում ձերբակալել էին նախքան Բաքվում կայանալիք խաղերը:
Նրա խոսքով, Բաքու այցելած գերմանացի պագամավորները հնարավորություն ունեին տեսնելու երկրի միայն «հրաշալի» կողմը, մինչդեռ նրանք, որոնք քննադատում են Ադրբեջանի իշխանություններին, «վճարում են իրենց սեփական ազատությամբ», որոնք այդ գնով ներկայացնում են իրենց երկրի չքավորությունն ու մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները:
Այս կապակցությամբ հեղինակը նշում է, որ մարդու իրավունքները պաշտպանելու գործում ցուցաբերած խիզախության եւ արտակարգ ակտիվության համար Հադիջա Իսմայիլովան նոյեմբերի 11-ին Մյունխենում կարժանանա Human Rights Watch-ի բարձրագույն կոչմանը՝ Alison Des Forges մրցանակին.
Հեղինակը նաեւ անդրադարձ է կատարում այն փաստին, որ Ադրբեջանն իր տարածքում արգելել է այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը եւ ԵԱՀԿ-ն, որին այն անդամակցում է:
«Այն փաստը, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) որեւէ կերպ չարձագանքեցին, վկայում է այն մասին, որ կարեւոր սպորտային իրադարձությունները բռնապետական ռեժիմներին վստահելը սպորտն իջեցնում է այն մակարդակի, որը ցանկանում է բռնապետը»,- գրում է Միխալսկին:
Անդրադառնալով վերոնշյալ պատգամավորների զեկույցին, որտեղ գովերգվում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական, ռազմավարական եւ տնտեսական առավելություններն ու եվրոպամետությունը՝ հեղինակը նշում է. «Իրականում նրանք դարձան ալիեւյան քարոզչության գործիքներ՝ օգնելով կոծկել մարդու իրավունքների ոլորտում աճող ճգնաժամը: Հետագայում եվրոպացի առաջնորդները պետք է ուսումնասիրեն Ադրբեջանին առնչվող փաստերը, այլ ոչ թե խաբվեն կառավարության կողմից լավ վճարված լոբբիստների գրվածքները մեջբերելով»:





























