Հայաստանը Զարգացման ասիական բանկից  հերթական` 112,97 միլիոն դոլարի տրանշը կստանա «Հյուսիս-Հարավ» բետոնային ավտոմայրուղու կառուցման համար: Համաձայնությանը հավանություն է տրվել կառավարության հոկտեմբերի  29-ի նիստին: Միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով, մարման ժամկետը   22 տարի է, որից արտոնյալ ժամանակահատվածը` 15 տարին, ամսական 6 տոկոս տոկոսադրույքով, Libor + 0,2%:

«Հյուսիս-Հարավ» բետոնային ավտոմայրուղին կկրճատի Հայաստանի իրանականից մինչեւ վրացական սահման` (հարավից մինչեւ հյուսիս) հասնելու համար անհրաժեշտ ժամանակը, ինչպես նաեւ հեռավորությունը` 556-ից մինչեւ 500 կիլոմետր` լեռնային հատվածների հարթեցման եւ նոր հատվածների կառուցման շնորհիվ (Արարատ քաղաքից մինչեւ Վայոց ձորի շրջան, մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, այնտեղից էլ` Քաջարան քաղաք): Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 960 միլիոն դոլար, նախագծի հիմնական դոնորը Զարգացման ասիական բանկն է  (մոտ 500 միլիոն դոլար):