ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին այցելել է «Արփա-Սեւան» թունել՝ տեղում ծանոթանալու թունելի ներկայիս վիճակին եւ վերականգնման աշխատանքներին ընթացքին: ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ եւ Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2010-2017 թթ. իրականացվում է «Արփա-Սեւան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել Արփա-Սեւան ջրատարի թունելների կայունությունը եւ անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ: Կապալառու կազմակերպությունը «Արփա-Սեւան» բաց բաժնետիրական ընկերությունն է, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 11 մլրդ 798 մլն 546 հազար 320 ՀՀ դրամ, այսօրվա դրությամբ մնացորդը 1 մլրս 183 մլն ՀՀ դրամ է:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արփա-Սեւան» թունելի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, տեխնիկական վիճակին, առկա խնդիրներին եւ մասնավորապես, թունելի՝ վթարավտանգ իրավիճակում գտնվող առանձին հատվածների վիճակին:  «Արփա-Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը վարչապետին զեկուցել է, որ 2010 թվականից իրականացվող թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակում կատարվել է վթարային վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգում եւ վերականգնում: Նա նշել է, որ ներկայում աշխատանքների մեծ մասն ավարտված է,  եւ շինարարության ավարտին մնացել է մոտ մեկ տարի: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաեւ թունելի այն տեղանքները, որտեղ վերջին 5-6 տարում ավելի են խորացել փլուզումները, որոնց վերականգնման անհրաժեշտություն եւս կա:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշել է, որ ընդհանուր առմամբ «Արփա-Սեւան» թունելում իրականացվող շինարարական աշխատանքների նպատակը թունելի արտադրողականության բարձրացումն է՝ Սեւանա լիճ տեղափոխվող ջրաքանակը կրկնապատկելու համար: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թունելի՝ տեխնիկական վիճակից կախված թողունակությունը 13.5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 20 մ³/վրկ, որը հնարավորություն կտա տարեկան Սեւանա լիճ տեղափոխել շուրջ 270 մլն մ³ ջրաքանակ:

Շրջայցից եւ տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների եւ կապալառու «Արփա-Սեւան» ԲԲԸ ղեկավարներին՝ «Արփա-Սեւան» թունելի պահպանության եւ վթարված հատվածների շարունակական աշխատանքների իրականացման վերաբերյալ:

«Արփա-Սեւան» թունելը կառուցվել է 1963-1981 թթ.` Արփա եւ Եղեգիս գետերի ջրերը Սեւանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48.3 կմ է, որի առանձին հատվածներ գտնվում են խիստ վթարավտանգ իրավիճակներում: Վերականգնողական շինարարական աշխատանքներն ընդգրկում են թունելի կամ նրա մի մասի (հատակ) երեսարկների դեֆորմացված հատվածների վերակառուցումը: