NEWS.am-ը ներկայացնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի խրոնիկան: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 128 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ֆրանսիայի ողջ տարածքում պարետային ժամ է հայտարարվել:

14.11.2015 (Ժամանակագրությունը ներկայացվում է Երեւանի ժամանակով)

02:02 Նոյեմբերի 13-ի երեկոյան, տեղի ժամանակով 21.30-ին Փարիզի Stade de France մարզադաշտում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ ընկերական հանդիպման ժամանակ որոտացել է առաջին պայթյունը: Խաղին հետեւող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին շտապ տարհանել են մարզադաշտից, որն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել: Շուրջ կես ժամվա ընթացքում մարզադաշտում եւս երկու պայթյուն է որոտացել: Պայթյուններին զուգահեռ զինված մարդիկ ներխուժել են քաղաքի 11-րդ շրջանում գտնվող Bataclan համերգասրահի շենք, որտեղ The Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգ էր ընթանում, եւ հարյուրավոր մարդկանց պատանդ են վերցրել: Մի քանի անձինք այդ ընթացքում ինքնաձիգներից կրակ են բացել հանդիասատեսի վրա:

02:51 Փարիզի տարբեր հատվածներում պայթյունների ու կրակոցների հետեւանքով զոհերի թիվը հասել է 60-ի: Bataclan հմերգասրահում փոխհրաձգություն է սկսվել գրոհայինների եւ ոստիկանների միջեւ, հաղորդում է Al Arabiуa-ն: Ականատեսները հայտնել են նաեւ Ժորժ Պոմպիդուի արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում փոխհրաձգության մասին: Պոմպիդուն քաղաքի 4-րդ շրջանում է, Les Halles առեւտրային կենտրոնի մոտ: 

03:10 Նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել եւ փակել սահմանները: 

03:41 Փարիզում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները սկսել են «Բատակլան» համերգասրահի գրոհը։ Շենքում ահաբեկիչները 100-ից ավելի մարդու էին պատանդառել, մոտ 30-ին հաջողվել էր փախչել։ 

03:53 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրենց զորակցությունն են հայտնել Օլանդին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին:

04:35 Հայաստանում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հետեւում է իրադարձությունների զարգացմանը։

04:40 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզում կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը։ 

04:56 Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում աննախադեպ է Ֆրանսիայի Հանրապետության համար: Ահաբեկչությունները կարելի է խորհրդանշական մարտահրավեր համարել, քանի դրանք տեղի են ունեցել համաժողովրդական միջոցառումների ընթացքում եւ դրանց անցկացման վայրերում: Զոհերի թվում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան, հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը: 

05:15 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղարկել է թուրքական Անթալիայում նախանշված G20-ի գագաթաժողովին մասնակցությունը:Նրա փոխարեն նոյեմբերի 15-ին կայանալիք գագաթաժողովին կմասնակցի երկրի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: 

08:31 Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Փարիզ: Ներկայումս Շառլ դը Գոլի օդանավակայանը բաց է, բայց մենք հետաձգում ենք այս երեկոյի համար նախատեսված չվերթները Փարիզ, մինչեւ չունենանք լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: 

08:43 Փարիզի ոստիկանությունը տվյալներ ունի, որ ահաբեկչությունների շարքի հետեւանքով սպանվել է 8 ահաբեկիչ։ Նրանցից 7-ը մահապարտի գոտի են օգտագործել, գրում է Liberation-ը: Իրավապահները բոլոր ահաբեկիչներին մահացած են համարում, սակայն շարունակում են հնարավոր հանցակիցների որոնումները։ 

08:53 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ահաբեկչությունների շարքից հետո հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ։ 

09:50 Փարիզցիները Twitter-ում հայտարարություններ են տեղադրում՝ գիշերակաց առաջարկելով նրանց, ովքեր չեն կարողանում տուն վերադառնալ ոստիկանական արգելապատնեշների պատճառով: Փարիզի տաքսիներն ուղեւորներին անվճար են տեղափոխում՝ անջատելով հաշվիչները։ «Կոչ ենք անում բոլոր գործընկերներին։ Հիվանդանոցները տաքսիների կարիք ունեն, միացե՛ք»,- հայտարարություն է տարածել քաղաքի խոշոր տաքսի ծառայություններից մեկը՝ LNT-ն։ 

10:25 Ֆրանսիական Air France ավիաընկերությունը շարունակում է թռիչքներ իրականացնել ըստ գրաֆիկի՝ հետեւելով անվտանգության ուժեղացված միջոցառումներին: 

10:42 Facebook սոցիալական ցանցը կայքում հատուկ գործառույթ է ավելացրել, որը Փարիզում գտնվողներին թույլ է տալիս հայտնել, որ իրենք անվտանգ վայրում են եւ չեն տուժել Փարիզի ահաբեկչություններից։ Մնացած օգտատերերը կարող են ստուգել, թե գտնվում են արդյոք նրանց ընկերները վտանգավոր գոտում: 

10.50 Փարիզում ահաբեկչությունների հետ կապված իրանական կողմը որոշել է չեղյալ հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա եւ Վատիկան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

10:57 Ողջ աշխարհում բազմաթիվ շենքեր եւ պատմական հուշարձանները ներկվել են Ֆրանսիայի ազգային դրոշի գույներով, որով նրանք իրենց ցավակցություններն են հայտնում այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում են Twitter-ի օգտատերերը:  Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են:

11:35 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում հայտարարություն է տարածել կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետ։ «Սա հարձակում չէր հենց Փարիզի վրա, սա հարձակում էր ողջ մարդկության եւ այն համընդհանուր արժեքների նկատմամբ, որը մենք կիսում ենք»,- ասված է հայտարարությունում։

11:49 Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան:  Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

11:56 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: «Մեծարգո պարոն նախագահ, Խորապես ցնցված եմ այս գիշեր Փարիզում տեղի ունեցած՝ իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչությունների լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին»,- ասված է հաղորդագրության մեջ։

11:58 Նոյեմբերի 14-ին սպասվող Փարիզ-Երեւան թռիչքը չի հետաձգվելու: Ժամը 20:50-ին օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնել են Air France ավիաընկերության հայաստանյան գրասենյակից: 

12:51 Ֆրանսիայում բոլոր պաշտոնական եւ տեղական գերատեսչությունները նոյեմբերի 14-ին փակ են, հաղորդում է Փարիզի քաղաքապետարանը: Կփակվեն քաղաքային վարչական շենքերը, թանգարանները, գրադարանները, լողավազանները եւ մթերային շուկաները: 

13:12 Երեւանում քաղաքացիները վաղ առավոտից ծաղիկներ են դնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին։ 

13:30 Փարիզի դատախազությունը հաստատում է ահաբեկչությունների ժամանակ 128 մարդկանց մահը։ 99 տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազությունում իր աղբյուրները։

13:39 Փարիզի Աստվածամոր տաճարում նոյեմբերի 15-ին ահաբեկչությունների զոհերի հիշատակի պատարագ կմատուցվի: Այս մասին հայտնել է Փարիզի արքեպիսկոպոս, կարդինալ Անդրե Վեն Թրուան: 

14:25 Ֆրանս-գերմանական սահմանին նախազգուշական լրացուցիչ միջոցառումներ են անցկացվում։ Նախնական տեղեկություններով՝ գնացքներից իջեցնում են արաբի արտաքինով բոլոր մարդկանց։ 

14:44 «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները տեսաուղերձ են հրապարակել, որտեղ հայտարարել են Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների շարունակման մասին, հաղորդում է «Al-Arabia»-ն։  Նշվում է, որ տվյալ տեսանյութը հրապարակվել է առանց ամսաթվի, եւ այս պահին անհայտ է, թե երբ է այն պատրաստվել։ 

14:48 Ֆրանսուա Օլանդը ԻՊ-ին մեղադրել է Փարիզում ահաբեկչությունների կազմակերպման մեջ, հայտնում է Reuters-ը։ 

16:36 Ահաբեկիչներից մեկը սիրիացի է, մյուսը՝ ֆրանսիացի, հայտնում է Europe1 ռադիոկայանի Twitter-ը։ 

16.37 Ֆրանսիայի ողջ տարածքում Ալժիրի պատերազմից (1954-1962թթ.) ի վեր երկրորդ անգամ արտակարգ իրադրության ռեժիմ է սահմանվել։ 

17:09 Փարիզի «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ ահաբեկչություն իրականացրած անձինք եղել են առանց դիմակների, France 24 –ին հայտնել է ականատեսներից մեկը։

17:21 Լրատվամիջոցներում փաստաթուղթ է հրապարակվել, որով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները խոստանում են, որ Ֆրանսիայի ժողովուրդը միշտ զգալու է մահվան բույրը։

17:39 Նրանք եղել են երիտասարդ տղաներ, որոնք առանց ակցենտի մաքուր ֆրանսերեն էին խոսում, այնպես ինչպես ես եւ դուք՝ Ֆրանսիայի զավակները։ Այս մասին պատմել են «Բատակլան» թատրոնում ողջ մնացած մարդիկ: 

17:42 Ֆրանսիայի ոստիկանությունը հետապնդում է Citroën Berlingo զինված մարդկանցով մեքենան, որը շարժվում է Փարիզի ուղղությամբ: Մեքենայում զինված 4 մարդ կա: 

18:40 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին: