Ֆրանսիայի մահմեդականները բռնության նոր բռնկումների մտավախություն ունեն: Այս մասին գրում է ֆրանսիական Figaro-ն:

Փարիզի Կրետեյ արվարձանում մզկիթի վրա արնակարմիր խաչեր են հայտնվել: Ֆրանսիական մահմեդականության խորհրդի Իսլամատյացության դեմ վերահսկողության կենտրոնի փոխանցմամբ, «Ֆրանսիա, արթնացի՛ր» գրությունները հայտնաբերվել են աղոթասրահի եւ Պիրենեյի Օլորոն Սան Մարիի հալալ մսի խանութի դռներին:

Իսկ Բրետանի Պոնտիվի քաղաքում միգրանտների դեմ ցույցի ժամանակ ծեծի են ենթարկել մագրիբյան արմատներով մի բնակչի:

Մահմեդական համայնքի ներկայացուցիչներն այս դեպքերին լայն արձագանք չեն տալիս: Ամեն դեպքում, Վերահսկողության կենտրոնի նախագահ Աբդալլա Զեքրին հակամահմեդական գործողությունների աճ է սպասում:

Charlie Hebdo-ի դեմ հարձակումից հետո 5 օրվա ընթացքում այդպիսի 21 դեպք էր արձանագրվել (կրակոցներ, նռնակներ եւ այլն): Լռությունն անհանգստացնում է նրան: «Եթե որեւէ մեկը կշահի բռնության եւ խուճապի աճից, ապա միայն ԻԼԻՊ-ը, որին շահեկան կլինի տարբեր համայնքների միջեւ բախում առաջացնելը»,- հայտարարել է նա: