Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մարդկանց ազնվության մակարդակը տարբեր երկրներում էապես տատանվում է։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Արեւելյան Անգլիայի համալսարանի կայքում։

Գիտնականները խնդրել են 15 երկրների (Արգենտինա, Բրազիլիա, Դանիա, Հունաստան, Հնդկաստան, Չինաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Շվեյցարիա, ՀԱՀ, Հարավային Կորեա, Ճապոնիա) 1500 կամավորների մասնակցել օնլայն հարցմանը։

Սկզբում կամավորներին խնդրել են կոպեկով «գիր թե ղուշ» խաղալ։ Յուրաքանչյուր «ղուշ» ընկնելու դիմաց նրանք 3-5 դոլար են ստացել։ «Անազնիվ» են համարվել այն երկրները, որտեղ գումար բերող պատասխանների թիվը գերազանցել է 50 տոկոսի շեմը, փոխանցում է Lenta-ն։

Այնուհետեւ նրանց խնդրել են պատասխանել երաժշտական թեմաներով հարցերի՝ ընդ որում չդիմելով ինտերնետի կամ ուրիշի օգնությանը։ Հարցերի մի մասը դիտմամբ այնքան բարդ են կազմել, որ հնարավոր չլինի պատասխանել առանց ինտերնետում փնտրելու։

Կոպեկով անցկացված փորձի ժամանակ ամենավատն իրենց պահել են Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Հնդկաստանի բնակիչները։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ դրա պատճառը մշակութային առանձնահատկությունն է. Ասիայում կոպեկ խաղալը ազարտային խաղ է համարվում, որը ենթադրում է խարդախություն։

Բացի այդ, պարզվել է, որ ամենաանազնիվ երկրները ամենաաղքատներն են։ Գիտնականները ենթադրում են, որ տեխնոլոգիական եւ իրավական ինստիտուտների թերզարգացման պարագայում անձնական ազնվությունն ապահովում է համաձայնագրերի կատարումը եւ երաշխավորում է գործնական հարաբերությունների անվտանգությունը։ Այնուհետեւ, երբ տնտեսական աճն ու ժամանակակից ինստիտուտների ձեւավորումը հեշտացնում է բիզնես վարելը, անձնական ազնվության կարիքը պակասում է։