Ժնեւի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ ընտանիքում երեխայի ծնունդը կարող է փչացնել ամուսինների միջեւ ռոմանտիկ հարաբերությունները։ Ավելին՝ անգամ տարբեր հիվանդությունները նման բացասական ազդեցություն չեն ունենում ամուսնության որակի վրա։
Մասնագետները ենթադրում են, որ երեխայի ի հայտ գալով կնոջ եւ տղամարդու հարաբերություններում աստիճանաբար աճում է լարվածությունը։ Նրանք նման եզրակացության են եկել 13 տարի շարունակ 721 ամուսնական զույգերի ուսումնասիրելու արդյունքում։ Ամուսինները եղել են 25-40 տարեկան։
Պարզվում է, որ երեխայի ծնվելուց հետո կանանցից շատերը զոհաբերել են իրենց կարիերան։ Աշխատանքը թողնելու անհրաժեշտությունը կանանց մոտ հիասթափության զգացում է առաջ բերում, որը բացասաբար է ազդում ընտանեկան միության վրա, փոխանցում է Informing-ը։
Ավելին՝ երեխայի ծնվելուց հետո շատ ամուսինների մոտ անհետանում է սեքսի ցանկությունը, ինչը նույնպես կնոջ եւ տղամարդու միջեւ կռիվների առաջացման պատճառ է դառնում։ Հետազոտությանը մասնակցած զույգերը պատմել են, որ իրենց ինտիմ հարաբերությունները վերելք են ապրել միայն ամուսնության առաջին տարվա ընթացքում, իսկ երեխայի ծնվելուց հետո դրանք անկում են գրանցել։





























