Չիկագոյի Ռոզալինդ Ֆրանկլինի անվան բժշկության եւ գիտության համալսարանի գիտնականները պարզել են, որ կանացի ուղեղը ոչնչով չի տարբերվում տղամարդու ուղեղից։ Այսպես՝ հիպոկամպուսի (ջրաձիու գալար) չափը, որը պատասխանատու է շատ մտավոր գործընթացների համար, կանանց եւ տղամարդկանց մոտ գրեթե միանման է։
Երկար ժամանակ կարծիք կար, որ տղամարդկանց հիպոկամպն ավելի մեծ է, քան կանանցը։ Սակայն գիտնականների թիմը՝ նյարդաբան Լայզ Էլիոթի գլխավորությամբ ապացուցել է, որ դա այդպես չէ։ Ուսումնասիրելով 76 հետազոտությունների արդյունքներն ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով սքանավորված ավելի քան 6 հազար առողջ մարդկանց ուղեղները՝ մասնագետները պարզել են, որ տղամարդկանց եւ կանանց հիպոկամպը գրեթե միանման չափերի է, փոխանցում է Gazeta-ն։
Էլիոթն ընդգծել է, որ տարբեր սեռերի միջեւ ուղեղի չափը կամ նույնն է կամ շատ չնչին տարբերություն ունի։ Այսպիսով՝ կարծիքն այն մասին, որ կանանց ուղեղն ավելի փոքր է, հնացած կարծրատիպ է։





























