Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը տապալում է Հայաստանի տնտեսությունը: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Արդեն կա կանխատեսում, որ մյուս տարի գազի եւ նավթի գների անկում է սպասվում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը կրելու է հսկայական վնասներ, քանի որ այն հիմնված է գազի եւ նավթի վաճառքի վրա: Եթե ՌԴ տնտեսության անկում լինի, մենք կդառնանք այդ անկման զոհը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ՀՀ տնտեսության անկումը արդեն զգացվում է 2016թ. բյուջեի նախագծի վրա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս վիճակից դուրս գալու համար պետք է դեկտեմբերի 1-ին գալ Երեւանի Ազատության հրապարակ եւ միասին պայքարել ներկայիս իշխանությունների դեմ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տվեց «մի քիչ էլ նախագծից» խոսել:
«Կարող եք խոսել, դեռ չափը չեք անցել, բայց մի քիչ էլ նախագծից խոսեք: Մի նեղսրտեք, մեկ-մեկ հումոր էլ է պետք Ազգային ժողովում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Այս հորդորից հետո էլ ընդդիմադիր պատգամավորը շարունակեց խոսել իշխանափոխության, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի մասին:
«Դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք սկսել մեր միասնական գործողությունները: Մենք կսկսենք Ազատության հրապարակից եւ պետք է տարածվենք Հանրապետության բոլոր հրապարակներում: Մենք մեկ շաբաթ կարող ենք ցրտից մրսել, մի քիչ սոված լինել, սակայն կոչ եմ անում բոլորիդ լինել Ազատության հրապարակում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ինչին ԱԺ նախագահն ընդգծեց. «Փողոցը լավ բան է, սակայն մի քիչ էլ նախագծից խոսեք»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ելույթի ընթացքում դահլիճից սկսեցին բղավել «Ամոթ ձեզ», ինչին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ամոթը ձեզ, որ ընդգրկվել եք Սերժ Սարգսյանի թիմի մեջ, ամոթը ձեզ»:
«Տիկին Փոստանջյան, մի անգամ ողջամիտ ելույթ ունեցեք: Չի կարելի ԱԺ ամբիոնը խղճուկ ելույթներ ապահովեք»,- իր հերթին նշեց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվող արձանագրությունը վերաբերում է Ղազախստանի անդամակցությանը Առեւտրի միջազգային կազմակերպությանը եւ համաձայնեցնում է ԵԱՏՄ-ի մաքսային ռեժիմը եւ ԱՄՀ-ի (WTO) առջեւ Ղազախստանի պարտավորությունները:
Համաձայն փաստաթղթի, այն դեպքերում, երբ WTO-ի ներմուծման մաքսատուրքը եվրասիականից ցածր է, ներմուծված ապրանքները հնարավոր կլինի շրջանառել միայն Ղազախստանում:





























