Չինաստանի խոշոր պետական բանկերը ոլորտում ցածր աշխատավարձերի պատճառով թոփ մենեջերների ազատման հետեւանքով կանգնել են բարձրագույն ղեկավար օղակի կադրային ճգնաժամի առաջ, գրում է China Daily-ն։
«Բարձրագույն օղակի ղեկավար պաշտոններից զանգվածաբար հեռանալու աննախադեպ ալիքը հարվածել է Չինաստանի բանկերին։ Ցածր աշխատավարձը եւ օնլայն ֆինանսական համակարգում բարձր վարձատրվող աշխատանքը միայն թեժացնում են այդ միտումը»,- գրում է պարբերականը։
Հաղորդվում է, որ բանկային ոլորտի առնվազն 52 թոփ մենեջեր, սեփական դիմումի համաձայն, հեռացել են աշխատանքից։ Չինաստանի ֆոնդային բորսայի տվյալներով՝ 16 բանկերից 9-ում նախագահների եւ փոխնախագահների մակարդակով ազատումներ են տեղի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ղեկավարների ազատումների ֆոնին մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ աշխատավարձերի նվազեցման որոշումը, որը կայացվել էր ծախսերի կրճատման մասին կառավարության որոշման համապատասխան, հարվածում է բանկային սեկտորին։





























